Story Photo

ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ PR-Ի ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ՝ ՇՈՂԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Մի քանի շաբաթ առաջ Together4Armenia հարթակը հյուրընկալել էր ամերիկահայ Շողիկ Կիրակոսյանին։ Բնակվելով Կալիֆոռնիայի Ուիթիեր քաղաքում՝ նա ԱՄՆ-ում գրեթե 20 տարվա փորձ ունի բիզնեսի, մարքեթինգի և անշարժ գույքի կառավարման ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է որպես ֆինանսական վերահսկող մասնավոր ընկերությունում, սակայն սրա հետ մեկտեղ վերջին տասը և ավելի տարիների ընթացքում եռանդուն կերպով ներգրավված է կամավորական աշխատանքում հասարակական կազմակերպությունների համար, տարբեր կազմակերպությունների հանձնաժողովների և խորհուրդների անդամ է և մասնակցում է միջոցների ներգրավման համար հանգանակման միջոցառումների կազմակերպմանը։ 

Together4Armenia հարթակի շրջանակներում որպես հասարակության հետ կապերի և մարքեթինգի մասնագետ՝ Շողիկ Կիրակոսյանը այցելել է Գյումրի, Վանաձոր ու Գավառ և հանդիպել ուսանողների, հասարակության հետ կապերի և մարքեթինգի տեղի մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։

Ունենալով մարքեթինգի և բիզնեսի կառավարման բնագավառում տարիների աշխատանքային փորձ տարբեր հայտնի ընկերություններում՝ Շողիկը հեշտությամբ կարողացավ գրավել տարաբնույթ լսարանի ուշադրությունը և կիսվել ապրանքի բրենդինգի, հասարակության հետ կապերի, միջոցառումների կազմակերպման, հաճախորդների սպասարկման և այլ ոլորտներում իր գիտելիքով, առաջավոր փորձով, հմտություններով և գործիքներով։ Նա սկսեց իր դասընթացը հիմնավոր կերպով նեկայացնելով մարքեթինգի 4P-երի տեսությունը՝ ապրանք (ապրանքներ, ծառայություններ), գին (գնաճ, զեղչ), վայր (ապրանքի կամ ծառայությունների վաճառքի վայրը), խթանում (գովազդ, PR)՝ այդպիսով իր լսարանին տալով անհրաժեշտ գիտելիքի հիմքը։ Աստիճանաբար ներկայացումը վերածվեց հետաքրքիր քննարկման՝ Հայաստանում իրականացվող կամ հանդիպմանը ներկա գտնվող ընկերությունների մարքեթինգային արշավների վերլուծության։

Նա խոսեց գույների և դիզայնի կարևորության մասին, դրանց օգտագործման նպատակների ու սպառողի վրա ազդեցության մասին, և պատասխանեց բոլոր հարցերին։ Դասընթացի վերջում նա տրամադրեց իր կոնտակտային տվյալները ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներից ոմանց, որպեսզի առանձին նրանց տրամադրի որոշ մասնագիտական խորհրդատվություն իրենց գործի վերաբերյալ։

Շողիկի մասնագիտական նկարագիրը կարող եք տեսնել այստեղ:

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: