Story Photo

Արինե Ղազարյանը կրկին կամավորական է Վանաձորում՝ որպես ծրագրերի կառավարման փորձագետ

Մոտ մեկ տարի առաջ «Միասին հանուն Հայաստանի» հարթակը հյուրընկալեց ծրագրերի ղեկավարման լիբանանցի մասնագետ Արինե Ղազարյանին: Մենք նրան նորից հյուրընկալեցինք մի քանի շաբաթ առաջ՝ շարունակելու իր սկսած գործը Լոռու մարզում և լրացնելու ծրագրերի ղեկավարման բնագավառում մարզի երիտասարդության հմտությունների մեջ եղած բացերը: Լինելով Լիբանանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտ՝ Արինեն փորձառություն էր ձեռք բերել որպես Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակի ծրագրերի համակարգող: Նա մեծ փորձ ունի հատկապես մարքեթինգի և հաղորդակցության հաջողված ռազմավարությունների մշակման և իրականացման և ՀԿ-ներին իրենց աճի նպատակներին հասնելու գործում աջակցություն տրամադրելու բնագավառներում:

2017թ. հոկտեմբերի 13-ին Արինեն ուղևորվեց դեպի Վանաձոր, Հայաստանի Լոռու մարզ, որպեսզի ծրագրի ղեկավարման պարբերաշրջանների վերաբերյալ իր գիտելիքները կիսի Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի բիզնեսի կառավարման և իրավաբանական ֆակուլտետների մոտ 25 ուսանողների և տեղական ՀԿ-ների աշխատակիցների հետ։

Սեմինարի ընթացքում նա խոսեց ծրագիրը հաջողությամբ ղեկավարելու մեխանիզմների, թիմային աշխատանքի մեջ հաղորդակցության դերի մասին, ներկայացրեց հաջող մարքեթինգի և հանգանակության արշավների պլանավորման ռազմավարությունները: Նա նաև լսարանին ներկայացրեց իրական օրինակներ միջազգային և սեփական գործնական փորձից:

«Դասընթացը բավական հետաքրքիր էր, և թեման էլ շատ պահանջված էր: Թեև ծանոթ էինք ծրագրի ղեկավարման պարբերաշրջաններին, ստացանք հետաքրքիր մեկնաբանություն նույն թեմաների մասին: Բացի դրանից, մինչև այդ երբեք չէինք արել գործնական վարժություններ դասի ժամանակ: Արինեի հետ սովորեցինք, թե ինչպես պետք է մշակել բիզնես պլան համատեղ մտային գրոհի արդյունքում հղացած գաղափարի հիման վրա: Նա նաև մեզ սովորեցրեց, թե որոնք են այն կարևորագույն բաղադրիչները, որոնց վրա պետք է ուշադրությունը կենտրոնացնել բիզնես պլան մշակելիս, և տվեց խորհուրդներ բիզնես-պլանը շուկայում առավել մրցունակ դարձնելու մասին», - նշեցին Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի բիզնեսի կառավարման ֆակուլտետի ուսանողները:

Սա Արինեի առաջին համագործակցությունն էր Վանաձորի Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի հետ, և նա մտադիր է անպայման պահպանել կապը ուսանողների հետ: Նրանք տվյալներ փոխանակեցին միմյանց հետ կապի մեջ մնալու և ապագայում առցանց աշխատելու նպատակով:

 
Տեղի ՀԿ-ների աշխատողները նույնպես մեծապես շահեցին Արինեի այցից, քանի որ նա աշխատեց նրանց հետ կիրառական մարքեթինգի և հանգանակության ռազմավարությունների պլանավորման ուղղությամբ, որոնք կնպաստեն այդ ՀԿ-ների նպատակների իրագործմանը։

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: