Մեծ ուրախություն ապրեցինք, երբ իմացանք, որ պարոն Արմեն Մինասյանը՝ Հայաստանի «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի ծրագրերի կառավարման փորձառու դասընթացավարը, ով նաև տաղանդավոր ճարտարապետ է, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի պրոֆեսոր և մի շարք տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր, համաձայնել է հանդես գալ որպես կամավոր և իր գիտելիքները կիսել Հայաստանի համայնքների հետ Together4Armenia հարթակի շրջանակներում:
Այսպիսով՝ փետրվարի 3-ին պարոն Մինասյանի հետ միասին ուղևորվեցինք դեպի Շիրակի մարզի վարչական կենտրոն Գյումրի քաղաքը: Շիրակի պետական համալսարանի մեծ դահլիճում նրան էր սպասում ավելի քան 150 հոգուց բաղկացած լսարանը: Եկել էին մեծ ու փոքր, նրանց մեջ կային ՔՀԿ ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ և քոլեջների ու բուհերի ուսանողներ: Պարոն Մինասյանն անցկացրեց «Ղեկավարման և որոշումների կայացման» վերաբերյալ դասընթաց՝ շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ղեկավարման տեսակները, որոշումների կայացման գործընթացի ձևերն ու մեխանիզմները՝ պարբերաբար բերելով օրինակներ սեփական փորձից: Դասընթացն անցավ հետաքրքիր քննարկումներով մի շարք թեմաների շուրջ, ինչպես օրինակ՝ ղեկավարի և «բոսի» միջև տարբերությունը, ղեկավար լինելու դժվարությունները, որոշումների կայացման մեջ երկուստեք շահավետության մոտեցումը և փոփոխություններին հարմարվելու կարևորությունը: Դատելով լսարանի հարցերից ու վարքից՝ թեման ճիշտ էր ընտրված և ներկաների մոտ պահանջարկ էր վայելում։
«Ճակատագիրը մեզ հասցրել է աշխարհի այս մասը, որտեղ ունենք Հայաստանի ժողովրդի հետ կիսելու արժանի փորձ, և, իհարկե, մենք էլ պետք է օգտվենք տեղացիների փորձից», - ասաց պարոն Մինասյանը դասընթացից հետո կայացած հարցազրույցի ժամանակ:
Ստորև կարող եք դիտել պարոն Մինասյանի հանդիպման մասին պատմող տեսաֆիլմը Գյումրի քաղաքում:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: