«Տեքստիլ». մինչ օրս այսպես են գյումրեցիներն անվանում մի ամբողջ թաղամաս, որտեղ խորհրդային տարիներին գործում էր Լենինականի տեքստիլ գործարանը, իսկ ոչ հեռու հայնտի «Չուլոչնին» էր՝ գուլպա-նասկեղենի գործարանը: Այստեղ աշխատում էին բազմաթիվ գյումրեցիներ, ում ստեղծած արտադրանքը ոչ միայն բավարարում էր տեղական շուկայի պահանջարկը, այլ նաև արտահանվում էր խորհրդային այլ հանրապետություններ: Այսօր՝ տարիներ անց, Գյումրիում նորից հետաքրքիր հեռանկարներ են ստեղծվոմ երբեմնի ծաղկուն տեքստիլ արդյունաբերությունը վերականգնելու համար:
«Լենտեքս» ընկերությունը, ժառանգելով լավագույն ավանդույթները, այսօր Հայաստանում գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից է: Ընկերության հաջողության մասին է վկայում նաև տարեցտարի աճող արտադրանքի ծավալները և համագործակցությունը հայտնի միջազգային ընկերությունների հետ: Այս գործում իր մասնագիտական ներդրումն է ունեցել նաև Together4Armenia-ի փորձագետ, բնիկ գյումրեցի Մարիաննա Պետրոսյանը:
Մարիաննան մասնագիտությամբ թեթև արդյունաբերության ճարտարագետ է: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ավարտելուց հետո կրթաթոշակ է ստացել և ուսումը շարունակել Իտալիայում՝ Թուրինի ճարտարագիտական համալսարանում: Ապա համալսարանը գերազանց ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Եվրոպայում տեքստիլի խոշորագույն արտադրող Fulgar S.p.A ընկերությունում:
«Մանկուց լսել եմ, թե ինչպիսի զարգացած արդյունաբերական երկիր է եղել Հայաստանը խորհրդային տարիներին հատկապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Միշտ ափսոսանքով էի ընդունում այն փաստը, որ Խորհրդային միության փլուզումից հետո այդ բոլոր գործարանները փակվեցին: Շատ ողջունելի է, որ այսօր քայլեր են արվում ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և ինքս էլ պատրաստ եմ փոխանցել Իտալիայում ձեռք բերած աշխատանքային փորձն ու գիտելիքն իմ հայրենակիցներին՝ նպաստելով ոլորտի զարգացմանը»,- նշում է Մարիաննան:
Together4Armenia նախաձեռնության շրջանակում իր ներդրումն ունենալու գաղափարը Մարիաննայի մոտ ծնվել է շնորհիվ գյումրիաբնակ քրոջ, ով բազմիցս լսել էր հարթակի միջոցով իրենց փորձառությունը տեղացիներին փոխանցած մասնագետների մասին:
«Հարթակը միանգամից հետաքրքրեց: Միշտ ցանկացել եմ որևէ կերպ օգտակար լինել հայրենիքիս: Together4Armenia-ն ինձ այդ հնարավորությունը տվեց»,- նշում է Մարիաննան:
Together4Armenia-ի շրջանակում Մարիաննան գործնական հանդիպումներ է ունեցել «Լենտեքս»-ի ղեկավար անձնակազմի հետ. ծանոթացել է՝ ինչպես է «Լենտեքս»-ն աշխատում, փոխանցել է իր գիտելիքն ու փորձը մանրաթելերի կառուցվածքի, որակյալ հումք ստանալու արդիական մեթոդների վերաբերյալ:
Մարիաննայի փորձառությունը, սակայն, չի սահմանափակվել մեկօրյա հանդիպումով: Ամեն անգամ հայրենիք վերադառնալիս նա այցելում է Լենտեքս, ծանոթանում է ընկերության զարգացման դինամիկային ու հավելյալ խորհրդատվություն տրամադրում:
«Մարիաննայի հետ մինչ օրս համագործակցում ենք: Մեր ոլորտում ամեն մանրուք կարևոր է, և Մարիաննայի խորհրդատվությունը, նրա միջազգային փորձն ու գիտելիքն, անխոս, շատ է օգնում ավելի որակյալ հումք պատվիրել և կազմակերպել մեր արտադրությունը ոլորտում առկա նորարարություններին համընթաց։ Մարիաննայի շնորհիվ ավելի սերտ կապեր ենք հաստատել Իտալիայի Fulgar S.p.A ընկերության հետ, որտեղ նա աշխատում է: Fulgar S.p.A-ի հետ համագործակցությունն ու Մարիաննայի խորհրդատվությունը օգնում են բարելավել և ընդլայնել մեր արտադրության որակը, ավելի մրցունակ լինել` ապահովելով ժամանակակից ու շուկայում պահանջարկ վայելող արտադրանք», նշում է «Լենտեքս»-ի տնօրեն Կարեն Գոմցյանը
Մարիաննան իր առաջին այցի ժամանակ խորհրդատվությամբ աջակցել է նաև Վանաձորի տարածաշրջանային պետական քոլեջի կարի և մոդելավորման բաժնի ավելի քան 20 ուսանողների ու դասախոսների:
Մարիաննայի օրինակը վկայում է, որ մասնագիտական ներդրումը հաճախ կարող է ավելի նշանակալից լինել Հայաստանի համայնքների համար, քան ֆինանսական աջակցությունը: Յուրաքանչյուր նմանատիպ գործնական հանդիպում կարող է տևական համագործակցութունների սկիզբ դնել արտերկրի հայ մասնագետների, միգուցե նաև միջազգային առաջատար ընկերությունների ու տեղական համայնքների միջև՝ նպաստելով վերջիններիս հզորացմանը:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: