Մենք ներկայացնում ենք Իջևանի «Երեխայի զարգացման և խնամքի ցերեկային կենտրոնը» և աշխատում ենք տեղի երեխաների ու երիտասարդների հետ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում: 2014թ. մեր գրասենյակից ոչ շատ հեռու գտնվող մի տարածքում կառուցվել է Հայաստանում առաջին «ներառական ջերմոցը»: Ջերմոցի նպատակն էր տեղի երիտասարդներին ներգրավել ջերմոցային տնտեսության մեջ: Ջերմոցի շինարարությունը ֆինանսավորվել է Եվրոպական Միության մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից և իրականացվել է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրի շրջանակներում OXFAM Հայաստանի, OxYGen հիմնադրամի և Իջևանում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ջերմոցի ամբողջ տարածքում ներդրված է կաթիլային ոռոգման համակարգը:
Ծրագրի հիմնական նպատակը` հաշվի առնելով այս եզակի ռեսուրսի առկայությունը, մենք հղացանք մի ծրագրի գաղափար, որն ուղղված է տեղի հաշմանդամություն ունեցող երիտասարդների և սոցիալապես անապահով ընտանիքների կենսապայմանների բարելավմանը նրանց շրջանում ջերմոցային տնտեսությունների մշակույթի և սոցիալական ձեռնարկատիրության խթանման միջոցով, ինչպես նաև նրանց գործնականում ներգրավելով այդ աշխատանքներում: Մենք հանձն ենք առնում կազմակերպել կարողությունների զարգացման դասընթացներ, որոնք կօգնեն նպատակային մասնակիցներին ձեռք բերել գործնական կարողություններ ջերմոցային բույսերի մշակման գործընթացի ու մեթոդների մասին, և կխրախուսեն նրանց հիմնել սեփական ձեռնարկություններն իրենց համայնքներում:
Մեկ տարի առաջ նման ծրագիր իրականացրեցինք փոքր երեխաների համար, որոնք հաջողությամբ տնկեցին, մշակեցին և հավաքեցին մանր կարտոֆիլ, սպիտակ սմբուկ, վարունգ և այլ բանջարեղեն: Ծրագրի արդյունքների ընդլայման և այն ավելի տպավորիչ դարձնելու համար մեզ անհրաժեշտ է կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման և խորհրդատվության տրամադրում հատուկ ջերմոցային տնտեսության զարգացման մասնագետի կողմից:
Ծրագրի հիմնական նպատակային լսարանը և շահառուներն են` Տավուշի մարզի Իջևան, Գանձասար, Գետահովիտ, Խաշթառակ, Լուսաձոր համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող և սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող 14-17 տարեկան 50 երեխա:
Ծրագրի ակնկալվող արդյունքը` Զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվում մոտ 50 երեխայի համար, որոնցից 5-ին, ակնկալում ենք, որ կօգնի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և ներգրավվել ջերմոցային տնտեսության ոլորտում։ Երեխաների կարողությունների զարգացումը և նրանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը շատ կարևոր են մեր կազմակերպության նպատակների և գործունեության համար:
Մեր ունեցածը հիմնականում ոչ ֆինանսական ռեսուրսներ են՝ մարդկային ռեսուրսներ, ջերմոց, ուսումնական դասընթացների և գործնական պարապմունքների համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու հարմարությունները:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: