«Ինֆոտուն»-ը տեղեկատվական ռեսուրս կենտրոն է, որը նպատակ ունի խթանել ակտիվ համայնքային կյանքը: Դա մի հարթակ է, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ, դասընթացներ, հանդիպումներ և քննարկումներ: «Ինֆոտուն» ցանցը, որը վարում են գործունյա երիտասարդները, գործում է Հայաստանի 8 քաղաքներում, այդ թվում Իջևանում:
«Իջևան Ինֆոտուն»-ը տեղի երիտասարդների հանդիպման սիրված վայրերից մեկն է, քանի որ այնտեղ կարող են ազատ հավաքվել, խոսել, քննարկել կարևոր համայնքային նորությունները, հանդիպել ճանաչված հյուրերի, զարգացնել իրենց հմտությունները մեդիա գրագիտության ոլորտում:
«Հոթինֆո Իջևան»-ը ծրագրի գաղափար է, որ հղացել են «Իջևան Ինֆոտուն»-ի մի խումբ ակտիվ դեռահաս անդամները։ Նրանք ցանկանում են սկսել տպագիր մամուլի հրատարակություն, որտեղ հոդվածները կգրվեն Իջևանի ավագ դպրոցների և բուհերի ուսանողների կողմից: Դրանք կլուսաբանեն Իջևանի առօրյա և մշակութային կյանքի նորությունները: Միևնույն ժամանակ սա կհանդիսանա լավ հարթակ տարածաշրջանում նորությունների և հայտարարությունների տարածման համար:
Իջևանը Տավուշի մարզի վարչական կենտրոնն է: Այն աչքի է ընկնում հարուստ պատմությամբ, տվել է հայտնի հասարակական գործիչներ, ունի գեղեցիկ բնություն, եռուն առօրյա կյանք, պետական և հասարակական կազմակերպություններ, սակայն ներկայումս քաղաքում չկա տպագիր մամուլ, որ լուսաբանի այդ թեմաները: Նախկինում եղել է «Իջևան» ամսագիրը, սակայն վերջին անգամ այն տպագրվել է տարիներ առաջ:
«Հոթինֆո Իջևան»-ը լինելու է 100 օրինակ տպաքանակով հրատարակվող շաբաթաթերթ, որը տարածվելու է ամբողջ քաղաքում և հարակից համայնքներում: Միաժամանակ, սակայն, այն տարածվելու է նաև էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ այլ լրատվամիջոցներով: Իր բարեհաջող մեկնարկից հետո ծրագիրը կնպաստի, որ «Իջևան Ինֆտուն»-ը շարունակաբար զարգացնի իր կարողությունները տպագիր մամուլի հրապարակումներում, և հնարավորություն կտա ստեղծել մի քանի աշխատատեղ ներգրավված ուսանողների համար:
Ծրագրի իրականացման համար պատրաստ ենք ներդնել մեր գրասենյակային տարածքները և հարմարությունները: Ունենք երիտասարդների խմբեր, որոնք արդեն գրանցվել են որպես կամավորներ և պատրաստ են նյութեր հավաքելու և հոդվածներ գրելու համար, սակայն կարիք ունեն լուրջ վերապատրաստման լրագրության, նյութի մատուցման և ֆոտոլրագրության հիմունքների շուրջ:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: