Դավիթ Թուրշյանի համար դեպի Հայաստան ուղևորությունը վաղուց ի վեր սպասված իրադարձություն էր։ Ծնված ու մեծացած լինելով Երևանում՝ նա պատանեկության տարիներին ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես 1996 թվականին։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից գրադարանային և տեղեկատվական գործի մագիստրոսի կոչում ստանալուց հետո սկսել է աշխատել որպես գրադարանավար Լոս Անջելեսի հանրային գրադարանի (ԼԱՀԳ) «Պիկո Յունիոն» մասնաճյուղում։ 2013 թվականին ԼԱՀԳ-ի կենտրոնական մասնաճյուղում առաջ է քաշվել միջազգային լեզուների բաժնի գրադարանավարի պաշտոնին՝ մասնագիտանալով հայերեն և ռուսերեն լեզուներում։
Քսանմեկ տարի անց Թուրշյանը վերադարձավ Հայաստան այս ամառ որպես Հայ կամավորների միության (ՀԿՄ) կամավորական։ Երբ այդ կազմակերպությունը նրան ներկայացրել էր «Միասին Հայաստանի համար» ծրագիրը, նա գրանցվել էր որպես սփյուռքի մասնագետ և անցկացրել գրադարանային գործի վերաբերյալ երկու դասընթաց Վանաձորի Լոռու մարզային գրադարանում և Գավառի Գեղարքունիքի մարզային գրադարանում։
Մենք վերջերս հանդիպեցինք Դավիթ Թուրշյանին՝ քննարկելու նրա փորձը «Միասին Հայաստանի համար» հարթակի և ՀԿՄ-ի հետ, գրադարանային գործի զարգացող բնագավառը և նրա խորացող հարաբերությունը Հայաստանի հետ։
- Պատմեք մեզ ձեր պարտականությունների մասին ԼԱՀԳ-ում
Միջազգային լեզուների բաժնում ես Կենտրոնական գրադարանի և ԼԱՀԳ-ի 72 մասնաճյուղերի համար ընտրում եմ գրքեր հայերեն և ռուսերեն լեզուներով։ Իրականացնում եմ նաև ծրագրեր՝ վարում են համակարգչային դասընթացներ, անում եմ գլուխկոտրուկների/հանելուկների ծրագրավորում և կինոնկարների ցուցադրություն աշխարհի լեզուներով։
Ստեղծեցի Համաշխարհային կինոյի շարքը, որովհետև կար լեզուների պահանջարկ։ Մենք ցուցադրեցինք հայերեն ու ռուսերեն լեզուներով կինոնկարներ, ինչպես օրինակ՝ «Եթե բոլորը» (2012թ․) և «Արևից կիզվածները» (1994թ․)։ Բացի դրանից, իրականացնում եմ իրազեկման աշխատանքներ։ Գնում ենք տարբեր վայրեր՝ խթանելու գրադարանի ծառայությունները, ինչպես օրինակ գրքի փառատոներ ու զբոսայգիներ ու ժամանցի կենտրոններ։
- Ձեր աշխատանքից ո՞ր առումով եք առավելագույն հաճույք ստանում։
Հանրության հետ աշխատելիս։ Ամեն օր շփվում եմ աշխարհի տարբեր մասերից եկած մարդկանց հետ։ Մի անգամ մեզ մոտ մի հաճախորդ եկավ, որն իր ամբողջ բեռով կտրել էր օդակայանից մինչև գրադարան ընկած ճանապարհը պարզապես Լոս Անջելեսում ծառայությունների մասին տեղեկանալու համար՝ որտեղ կանգ առնել, որտեղ ուտել և այլն։
- Ձեր առօրյա աշխատանքը ո՞ր առումներով է առավել դժվար։
Ունենք անօթևանության հետ կապված լուրջ հարց Լոս Անջելեսում։ Ըստ մեր կանոնակարգի գրադարանում քնել չի կարելի, բայց բազմաթիվ մարդիկ գալիս են ու գտնում հարմարավետ տեղ, որտեղ իրենց անվտանգ են զգում։ Երբեմն խիստ դժվար է լինում մոտենալ մարդուն ու արթնացնել նրան՝ իմանալով, որ դրսում շոգ է ու նա գնալու տեղ չունի։
Մենք հանրային գրադարան ենք՝ պետք է օգնենք բոլորին։ Երբեմն հակասություն է առաջանում, երբ փորձում ենք օգնել որոշ մարդկանց, որոնք հնարավոր է խանգարեն ուրիշներին, որոնք աշխատում են գրադարանում։ Փորձում ենք այս հարցը լուծել այլ կազմակերպությունների հետ աշխատելով «Աղբյուրը» միջոցառման շրջանակներում [ամենամսյա միջոցառում ԼԱՀԳ-ի կենտրոնական գրադարանում], որի միջոցով անօթևան մարդկանց տրամադրվում է մնալու տեղ, հիգիենա, սննդամթերք և բջջային հեռախոսներ։
- Որո՞նք են գրադարանային գործում ներկայումս տիրապետող միտումները։
«Internable»-ները շատ մոդայիկ են դառնում։ Բջջային հեռախոսներ կամ համակարգիչներ օգտագործելու փոխարեն տեխնոլոգիան կդառնա մարդկային մարմնի մասը։ Ինչպե՞ս սա կանդրադառնա գրադարանների վրա։ Օրինակ՝ մարդիկ ինչպե՞ս կսովորեն լեզուներ։ Հիմա դա կարող է հնչել որպես գիտա-ֆանտաստիկ մի բան, բայց թերևս հնարավոր դառնա գլխումդ ուղղակի մի չիպ դնելն ու այդ ամբողջ գիտելիքը ուղեղիդ մեջ փոխանցելը։
- Ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստանից այդքան երկար բացակայությունից հետո
Հայաստան գալով 21 տարի անց՝ այն տեսնում եմ որպես բոլորովին ուրիշ երկիր։ Չեմ կարողանում նույնիսկ ճանաչել նախկինում եղածս վայրերը՝ գտնվում ես բոլորովին ուրիշ քաղաքակրթության մեջ, ուրիշ վայրում, այլ մտածելակերպով, այլ աշխարհայացքով։ Երբեմն սա ճնշող է, որովհետև փորձում եմ դրանք կապել անցյալի տպավորությունների հետ, սակայն միևնույն ժամանակ շատ ոգևորիչ է տեսնել բոլոր այս փոփոխությունները։
- Ի՞նչն էր, օրինակ, որ ձեզ իսկապես զարմանք պատճառեց։
Խորհրդային տարիներին փողոցները հաճախ անվանվում էին Խորհրդային Միության հերոսների անուններով, բայց հիմա դրանք կրում են Հայաստանի մշակութային գործիչների անունները՝ գրողների, բանաստեղծների, երաժիշտների։ Ամբողջ Հայաստանով մեկ տեսնում եմ շատ գեղեցիկ ցուցանակներ, որոնք կրում են մարդկանց անունները, որոնք իրենց ներդրումն են բերել երկրին, ինչպես օրինակ՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
- Երբ ձեր ընտանիքն արտագաղթեց ԱՄՆ, որքանո՞վ էր հայկական մշակույթն ու լեզուն պահպանվում ձեր ընտանիքում։
Հայկական մշակույթն ու լեզուն պահպանելն ու հոգ տանելը ամուր կերպով դրված է գրեթե յուրաքանչյուր հայի մեջ։ Կա մի հայտնի բանաստեղծություն, որ գրել է հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը՝ «Խոսք իմ որդուն», որն ավարտվում է հետևյալ տողերով՝
«Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանաս․․․»։
- Ինչպե՞ս է փորձը «Միասին Հայաստանի համար» հարթակի ու ՀԿՄ-ի հետ փոխել ձեր ընկալումը Հայաստանի հետ ձեր հարաբերության մասին։
ՀԿՄ-ում կան մարդիկ աշխարհի տարբեր մասերից, այդ թվում մարդիկ, որոնք ամբողջ ճանապարհը հեծանվով կամ պատահական մեքենաներով կտրել ու Հայաստան են եկել Եվրոպական երկրներից։ Նրանց մղումը՝ սովորելու հայերեն լեզուն ու գալու Հայաստան, շատ ոգևորիչ է։ Այդ ինձ ստիպում է մտածել, որ Հայաստանը, բոլոր դեպքերում, խիստ ուշագրավ երկիր է, չնայած շատ փոքր է։ Մի առ ժամանակ առաջ «National Geographic»-ը Հայաստանը նշել էր իր տասը «Վայրեր, որոնք արժանի են ավելի շատ ճանապարհորդների» ցանկում։ ՀԿՄ-ն օգնեց ինձ հայտնաբերելու այդ դիտանկյունը․ եթե չգայի նրանց միջոցով, ապա այստեղ կգայի պարզապես որպես զբոսաշրջիկ։
- Ի՞նչ խորհուրդ կտաք մյուս սփյուռքահայերին, որոնք մտածում են «Միասին Հայաստանի համար» հարթակին կամ ՀԿՄ-ին մասնակցելու մասին։
Նրանց խորհուրդ կտամ գալ Հայաստան, նույնիսկ եթե դա կարճ ժամանակով է։ Երբ գալիս ես որպես զբոսաշրջիկ, բոլորովին ուրիշ տպավորություն ես ստանում, քան երբ գալիս ես որպես կամավոր։ Որպես կամավորական ՀԿՄ-ին, «Դեպի հայք»-ին կամ «Միասին Հայաստանի համար» հարթակին միանալը մի որոշում է, որ ամեն մարդ ինքն իր համար պետք է կայացնի, հենց իր բնույթով իսկ, այն մեզ տալիս է ընտրության հնարավորություն՝ անել այդ, թե չանել, բայց երբ մարդ կայացնում է դրական որոշում, սա կարող է բացել մի ամբողջ նոր հորիզոն, և կարող ես ձեռք բերել հիշողություններ, որոնք կփայփայես հետագա տարիներին։
- Հայաստանում մնացած ժամանակն անցկացնելու ի՞նչ ծրագրեր ունեք։
Հանդիպել ու շփվել տեղացի հայերի հետ, այցելել տեսարժան վայրերն ու համտեսել համեղ ծիրանները, քանի դեռ դրանց ժամանակը չի անցել։
«Միասին Հայաստանի համար» հարթակի շրջանակներում Դավիթ Թուրշյանի դասընթացների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմե՛ք այստեղ։ Նրա մասնագիտական նկարագիրը դիտելու համար սեղմե՛ք այստեղ։
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: